Kaspersky-ն ստեղծել է «Safe Kids» լուծումը

Network News 07.06.2021   17:20   74

Սոցիալական ցանցերում այժմ «Վայրի Արևմուտքի» շրջանն է, և վաղ թե ուշ դրանցում կկիրառվի կարգավորում. սոցցանցերին կպարտադրեն ընդունել խաղի որոշակի կարգ ու կանոն, բացառված չէ նաև անձնագրային տվյալներով գրանցվելու հնարավորությունը։

Այս կարծիքը Kaspersky ընկերության «Կծոտած բանականություն» նախագծի շրջանակներում հայտնել է Հայաստանում և Վրաստանում ընկերության ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։

«Անհրաժեշտ կլինի գտնել ոսկե միջինը խոսքի ազատության և սահմանափակումների միջև, ընդ որում այդ ոսկե միջինը յուրաքանչյուր երկրի համար կարող է տարբեր լինել, քանի որ դրանք տարբեր քաղաքակրթություններ են։ Եթե նույնիսկ գտնենք ոսկե միջինը, ապա տարբեր տաբուներով տարբեր քաղաքակրթությունների, երկրների, տարիքային խմբերի և սեռերի համար այս ոսկե միջինը չի կարող ունիվերսալ լինել», - ընդգծել է նա՝ նկատելով, որ սոցցանցերը ցանկանում են, որ իրենց բիզնեսին հնարավորինս շատ մարդիկ մասնակցեն, քանի որ սոցցանցերի բիզնեսը հիմնված է օգտատերերի կողմից ստեղծվող բովանդակության վրա: Եվ ցանկացած սահմանափակում կհանգեցնի օգտվողների թվի նվազմանը:

«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչության փոխանցմամբ, պատասխանելով սոցիալական ցանցերում անվտանգ վարքագծի և, մասնավորապես, տվյալների պաշտպանության առումով կիբեռգրագիտության մասին հաղորդավարի հարցին՝ Արմեն Կարապետյանը նշել է, որ առաջին խնդիրը սոցիալական ցանցերի պաշտպանության ներքին համակարգն է, երկրորդը՝ օգտատերերի անվտանգության տարրական կանոնների պահպանումը, իսկ երրորդը ՝ վարքի փոփոխման հոգեբանական խնդիրն է, երբ որոշ մարդկանց մոտ սոցցանցերում տարվածություն է հայտնվում, մյուսների մոտ՝ անհոգություն:

«Այսինքն, գործոնները մի շարք են, յուրաքանչյուր գործոն ունի առանձին հետազոտության, հետևությունների դուրս բերման և մեթոդաբանությունների կիրառման խնդիր», - ընդգծել է Արմեն Կարապետյանը ՝ հավելելով, որ յուրաքանչյուր սոցցանց ունի անվտանգ վարքագծի իր առանձնահատկություններըը։

Համաձայնելով նրա կարծիքի հետ՝ կիբեռանվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ընդգծել է, որ յուրաքանչյուր սոցցանց օգտատիրոջը դրդում է ինչ-որ բաների և իրավիճակների, բայց շատ կարևոր է չտրվել սոցցանցի ազդեցությանը, այլ դրա փոխարեն ուշադիր լինել՝ տարատեսակ մեքենայություններից և խարդախություններից պաշտպանված լինելու համար։

Սամվել Մարտիրոսյանը նաև պարզաբանել է, որ որևէ սոցիալական ցանց մտնելուց առաջ օգտատերը պետք է գրանցման միջոց ունենա, որը կամ էլեկտրոնային փոստն է, կամ հեռախոսահամարը։ Ավելի ճիշտ է գրանցվել ոչ միայն հեռախոսահամարի միջոցով, քանի որ երբ ինչ-որ սոցցանցում խնդիրներ են առաջանում, հատկապես Facebook-ում և Instagram-ում, օրինակ՝ օգտատիրոջ արգելափակումը, և նա գրանցվել է միայն հեռախոսահամարի միջոցով, նա կարող է և չունենալ սոցցանցի հաշիվը վերականգնելու հնարավորություն։ Կարևոր է չմոռանալ էլեկտրոնային փոստի գաղտնաբառը։ Ինչ վերաբերում է հեռախոսահամարներին, ապա Սամվել Մարտիրոսյանի խոսքով, կան մարդիկ, որոնք 20 տարով չեն փոխում հեռախոսահամարը, իսկ մարդիկ էլ կան, ովքեր ամեն սեզոն փոխում են այն, և մոռանում են համապատասխանաբար փոխել հեռախոսահամարը սոցցանցերի գրանցման տվյալներում, ինչը նույնպես խնդիրներ է առաջացնում։

Պե՞տք է արդյոք սոցցանցերի համար ունենալ առանձին էլեկտրոնային փոստի հասցե, որը կապված չէ օգտատիրոջ մնացած գործունեության հետ, որպեսզի եթե կոտրեն փոստը, ամբողջ տեղեկատվությունը չընկնի ցանցահենների ձեռքը: Պատասխանելով այս հարցին՝ Արմեն Կարապետյանը նշել է, որ ցանկալի է միանգամից մի քանի փոստային հասցեներ ունենալ և դրանք նպատակային օգտագործել, յուրաքանչյուրն իր նպատակով։ Եվ այն հասցեն, որը կապված է անվտանգության հարցերի հետ, պետք է առանձնացվի։ Ամենակարևորն այն է, որ բոլոր սոցցանցերում կամ այնտեղ, որտեղ պահանջվում է գաղտնաբառ, դրանք միմյանց նման չլինեն։

«Կան մարդիկ, ովքեր ունեն մեկ, այսպես կոչված, «մաստեր-գաղտնաբառ», և նրանք օգտագործում են այն կյանքի բոլոր դեպքերում: Եվ եթե այդ գաղտնաբառը կոտրում են, մարդը դառնում է ամբողջովին կոտրված»,- նշեց Արմեն Կարապետյանը՝ հավելելով, որ եթե մարդը մտնում է սոցիալական ցանց, նա մտնում է պատերազմի գոտի, որտեղ կան հնարավոր թշնամիներ, որտեղ փոխվում է նրա վարքագիծը, քանի որ սոցցանցը միշտ ցանկանում է փոխել նրան, հասկանալ մարդու դրսևորումները, որպեսզի նրանից շահույթ ստանա։ «Դու պետք է մնաս այնպիսին, ինչպիսին կաս։ Երկրորդ՝ դու պետք է նախապատրաստվես բազմաթիվ վտանգների, չտրվես զգացմունքներին և չփոխանցես քո մասին տեղեկությունները, առավել ևս ՝ գաղտնի»,- խորհուրդ է տվել Հայաստանում և Վրաստանում Kaspersky- ի ներկայացուցիչը։

Պատասխանելով սոցցանցերում անվտանգ վարքագծի մասին գիտելիքների, այդ թվում ՝ դպրոցներում լայն տարածման անհրաժեշտության մասին հաղորդավարի հարցին՝ Սամվել Մարտիրոսյանը նշել է, որ ինքը «Ինֆորմատիկա» առարկայի կրթական չափորոշիչներ մշակող խմբի կազմում է: Կիբեռանվտանգության փորձագետը զգուշացրել է, որ դպրոցական համակարգը իներտ է, քանի որ սկզբում ստանդարտներ են մշակվում, հետո ծրագրեր են ստեղծվում, դասագրքեր են կազմվում, ուսուցիչները պետք է վերապատրաստվեն, ինչը շատ ժամանակ է խլում։

Արմեն Կարապետյանն իր հերթին տեղեկացրել է, որ Kaspersky-ն կիբեռտարածքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշակի ձեռնարկներ է թողարկում, որոնց էլեկտրոնային տարբերակները թարգմանվել են հայերեն «Գոյատևել թվային աշխարհում» և «ՏՏ անվտանգությունը թեյնիկների համար»), հետևաբար, հայերենով համապատասխան գիտելիքներ ստանալու հնարավորություն կա: Նա համաձայնել է Սամվել Մարտիրոսյանի այն կարծիքի հետ, որ դպրոցներում որոշակի աշխատանքներ են կատարվում, բայց դրանք այնքան դանդաղ են ընթանում, որ դրանց արդիականությունը կորչում է: Սա շատ կարևոր է այն առումով, որ թվային և ֆիզիկական աշխարհները այժմ շատ միահյուսված են, և այն վտանգները, որոնք առկա են սոցիալական ցանցերում և համացանցում, սահուն անցնում են ֆիզիկական աշխարհ, մասնավորապես, կարող են վնասել երեխաներին:

Սամվել Մարտիրոսյանը օրինակ է բերել, որ YouTube-ում երեխաները դիտում են քիմիական փորձեր կատարող բլոգերներին, իսկ հետո դա կրկնում են տանը՝ ծայրահեղ վատ հետևանքներով: Բայց հիմնականը հոգեբանական խնդիրներն են, երբ երեխաները տեսնում են անցանկալի բովանդակություն, որը լինում է վախեցնող, զզվելի, որից ցնցումներ են ստանում ոչ միայն երեխաները, այլև մեծահասակները: «Հաջորդ խնդիրը կիբեռբուլինգն է, երբ նպատակային կերպով տարբեր ձևերով հարձակվում են երեխաների վրա»,- նշեց կիբեռանվտանգության  փորձագետը:

Արմեն Կարապետյանը հավելել է, որ Kaspersky-ն ստեղծել է «Safe Kids» լուծումը, որը տեղադրելով երեխաների սարքերի վրա, ծնողները կարող են երեխաներին զերծ պահել վերոնշյալ խնդիրներից:


 Պիտակներ
         Kaspersky


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz