«Ժողովուրդ». Իշխանությունները՝ ընդդեմ լրատվամիջոցների

Մամուլ 27.04.2021   08:34   74

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը ապրիլի 28-ին երկրորդ ընթերցմամբ քննարկելու է «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որով հերթական անգամ վնասելու են միայն լրատվամիջոցներին:

Մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել, եւ խորհրդարանը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների, մյուս կողմից՝ իշխանություններըւ չեն մոռանում, որ պետք է լրատվամիջոցների դեմ իրենց քայլերն ավելացնեն եւ ավարտին հասցնեն՝ կարողանալով այնպես անել, որ լրատվամիջոցները կրեն ֆինանսական լուրջ կորուստներ:

Իսկ ինչի՞ մասին է խոսքը. «Ժողովուրդ» օրաթերթը դեռ հունվարի 26-ին գրել էր, որ ՀՀ ֆինանսների նախարարության երկնած նախագծով կառավարությունն առաջարկում է լրատվական կայքերի միջոցով իրականացվող վիճակախաղերի գովազդների նկատմամբ 20% կայքէջի ծավալային նոր ընդունված սահմանափակման փոխարեն կիրառել ժամային՝ առավել անհարմար եւ անհնարին սահմանումը՝ նախատեսելով, որ լրատվական կայքերի միջոցով վիճակախաղերի գովազդները կարող են իրականացվել 22:00-ից մինչեւ 07:00-ն ընկած ժամանակահատվածում:

Հավելենք՝ նախորդ սահմանափակումը վերաբերում էր վիճակախաղերի գովազդների նկատմամբ 20% կայքէջի ծավալին: Այսինքն՝ գովազդի սահմանափակումը չի բերում խաղամոլների թվի նվազման: Սա՝ առաջին փաստ, սակայն խնդիրը նաւ տեխնիկական է, քանի որ տեխնիկապես հնարավոր չէ կայքերի պարագայում ժամանակային սահմանափակում կատարել:

Հետեւաբար ստացվում է՝ գովազդները հոսելու են դեպի համացանց, եւ լրատվամիջոցները որպեսզի օգտվեն այդ գովազդներից, կարող են գրանցվել արտերկրում, գործունեություն ծավալել իրավաբանորեն այնտեղ, այստեղից աշխատեն եւ հարկեր չվճարեն: Այսինքն՝ իշխանությունները լրատվամիջոցներին մղում են դեպի արտերկիր: Եթե իշխանությունների նպատակն իսկապես մոլախաղերի դեմ պայքարն է, իրենք պետք է սահմանափակեն հենց մոլախաղերը, մարդկանց մուտքը դեպի գրասենյակներ կամ, օրինակ, սահմանափակումներ դնեն խաղադրույքներ անելու չափի վրա, այլ ոչ թե արգելեն գովազդը կամ որոշ ժամերի գովազդը:

Եվ ամենակարեւորը՝ հիմա մեր տնտեսությունն այն վիճակում է գտնվում, որ Հայաստանում գովազդատուները շատ չեն, բուքմեյքերներն էլ հանդիսանում են ամենախոշոր գովազդատուն, եւ գովազդը սահմանափակելով՝ առաջին հերթին վնասելու են լրատվամիջոցներին»:

Ամբողջական, թերթի այսօրվա համարում։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz