«Ժառանգությունը» պահանջում է դադարեցնել պատժիչ և պառակտիչ գործողությունները

Քաղաքական 23.04.2021   12:00   128

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը

Ն. Փաշինյանի ինքնիրավ նախընտրական քարոզարշավն արդեն ստեղծում է Հայաստանի կայունության և անվտանգության իրական սպառնալիքներ: Չունենալով որևէ օրինական, պաշտոնական որոշում Հայաստանի Հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու՝ վարչապետը, ակներև չարաշահելով իր պաշտոնական դիրքը և վարչական հնարավորությունները, գնում է մարզից մարզ՝ սեր և բարեկամություն քարոզելու անվան ներքո, սակայն իրականում անհանդուժողականություն և հակամարտություն է առաջացնում իր քայլերով: 

Հայաստանի սահմանները, պետության արտաքին և ներքին տնտեսական, սոցիալական պաշտպանունակությունը 44-օրյա պատերազմի ծանր պարտությունից հետո վերականգնելու փոխարեն՝ գործող վարչախումբը, տեսնելով հանրային վստահության ցածր աստիճանը, անիրավաչափ բռնություն և ուժ է կիրառում իր քաղաքացիների հանդեպ, որի ծայրակետը դարձավ Սյունիքում ձախողված ընտրարշավից հետո ձերբակալությունների և քաղաքացիների իրավունքների ոտնահարումների անընդունելի գործողությունը: 

«Ժառանգություն» կուսակցությունը խոր մտահոգությամբ արձանագրում է, որ նոյեմբերի 9-ի զինադադարի հետո, երբ Ադրբեջանը չի դադարեցրել ուղղակի սպառնալիքները Հայաստանի և Արցախի հանդեպ, չի կատարել զինադադարի հայտարարությամբ նախատեսված կետերը, հայ գերիներին պատանդ է պահում, պարբերաբար գնդակոծում է ՀՀ ճանապարհները և խոչընդոտում ՀՀ ու Արցախի քաղաքացիների ազատ տեղաշարժի և կյանքի իրավունքը, ՀՀ ազգային անվտանգության և ոստիկանության բոլոր ուժերը պետք է ուղղվեն մեր պետության կենսական շահերի պաշտպանությանը և ոչ թե միայն մեկ անձի կամ նրա թիմի խնդիրների լուծմանը:

«Ժառանգությունը» պահանջում է դադարեցնել պատժիչ ու պառակտիչ գործողությունները ՀՀ քաղաքացիների հանդեպ, հարգել և պաշտպանել օրենքներն ու սահմանադրությունը: Այն վարչախումբը, որը պարտություններ և ձախողումներ է կրել արտաքին ու ներքին քաղաքականության մեջ, չի կարող դրանք չեզոքացնել ոստիկանական ուժերով. Հայաստանը ժողովրդավարական պետություն է:

«Ժառանգություն» կուսակցության վարչություն


 Պիտակներ
         «Ժառանգություն»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz