Իշխանության վարած քարոզչությունը քաղաքակիրթ անվանելը դժվար է․ Դ․ Հարությունյան

Քաղաքական 09.06.2021   12:54   42

Իշխանության վարած քարոզչությունը քաղաքակիրթ անվանելը դժվար է։ Այս կարծիքին է «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Դավիթ Հարությունյանը։ Ասուլիսում նա նշեց, որ գործ ունենք անձի հետ, որը քաղաքական դեմք չէ և երեք տարիների ընթացքում այդպես էլ չդարձավ քաղաքական դեմք։

«Որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում այն փաստը, որ ներկայիս իշխանության վարկանիշը գահավիժում է։ Ավելին, յուրաքանչյուր հանդիպման ժամանակ նա ասում է նախադասություններ, որոնք առաջացնում են տասնյակ նոր հարցեր և ստիպված յուրաքանչյուր հաջորդ անգամ նա փորձում է դա կոմպենսացնել՝ բռնության կոչեր հնչեցնելով և այլն», - ասաց Դավիթ Հարությունյանը։

Լրագրողներից մեկն անդրադարձավ դաշինքի վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանի այն առաջարկի մասին, որով նա դիմել էր Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ վերջինս կարող է իր տղային փոխանակել ռազմագերիների հետ։ Հարցին՝ արդյո՞ք դա տեղին էր և չէր ոտնահարում մարդու իրավունքները, Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ այս իշխանությանը գերիների խնդիրն ընդհանրապես չի մտահոգում և չի մտահոգել․

«Նոյեմբերյան հայտարարության մեջ բոլոր հարցերին անդրադարձ է կատարված շատ հստակ ժամանակացույցով, բայց գերիների հարցին անդրադարձված է շատ ընդհանուր տերմինաբանությամբ։ Երբ խոսքը վերաբերում էր հողերը վերադարձնելուն, ապա այս իշխանությունը շատ հստակ վերցնում է պարտավորություններ և ամրագրում է ժամկետները։ Երբ խոսքը վերաբերում է գերիներին վերադարձնելուն, որևէ ժամկետ դուք չեք տեսնի»։


 Պիտակներ
         Դավիթ Հարությունյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz