Իրենք ոհմակով` էլի անապահով են․ Վանո Սիրադեղյան

Հայեր 30.06.2021   20:00   349

Վանո Սիրադեղյան․ Յոթ մեջբերում

  • Մեծ արագությունների երկիր չէ Հայաստանը: Արագությունը փոքրացնում է երկիրը: Հանդարտ ընթացքի դեպքում Հայաստանը մեծ հայրենիք է: Հայաստանը ինքը հանդարտ ընթացք է թելադրում: Հայաստանը իր խորությամբ է երկիր: Հայաստանը մանրամասն սիրելու հայրենիք է և այդպես մանրամասն սիրելու դեպքում մեկ չէ` տասը կյանք էլ չես սպառի: Միայն թե շտապելու հարկ չկա: Առավել ևս համեմատելու կարիք չկա:
  • …Կյանքը մեր ուզածով չեղավ, ու առուփախի հրապարակում ապշած մնացինք: Հետո ցավից երկու տակ եղանք, հետո քունքներս ճերմակեցին մի գիշերվա մեջ, բերաններս դառն իմաստնությամբ ծամածռվեցին, ընդոստ շտկվեցինք, որ չտրորեն,- այսպես դարձանք հուսահատության քարե արձան. իրանը` ձիգ, գլուխը` բարձր, ձեռքերը` ծոցը, որ մաքուր մնան:
  • Արարողություններից զուրկ հայ կյանքում խաշ ուտելը միակ ամբողջական արարողությունն է, որ կապված չէ հուղարկավորության, ցեղասպանության և այլ արհավիրքների հետ:
  • Անկախ այն բանից՝ օրը ուշ կմթնի, թե շուտ կլուսանա, անկախ այն բանից՝ լուսինը կբոլորի, թե ոչ, ժամանակի հոգեմաշ ընթացք կոտորակող արհեստական շեշտեր են հարկավոր: Օրը՝ առաջին բաժակ սուրճից հետո, շաբաթ օրը` կիրակիից առաջ, թեթև երեքշաբթին՝ ծանր երկուշաբթի օրվանից հետո…
  • Երկրի ձգողականությունը բավարար է մարդուս կանգուն պահելու համար, բայց բավարար չէ հոգեկան հավասարակշռությունը պահպանելու համար՝ ժամանակի անբեկբեկ ընթացքի մեջ: Մարդը չի կարող ժամանակի ձյութե հոսքի մեջ լռած հոսել ու ծեփվել տիեզերքի անհունությանը:
  • Չգոյության հակառակը չի կարող տառապանքը լինել: Ոչ ոք իր կամքով չի եկել այս աշխարհ անգոյությունից, և ուրեմն կյանքը չի կարող պատիժ լինել, որովհետև պատիժ չի հասնում անմեղին: Ոչ ոք իր կամքով չի եկել, հետևաբար, նրա համար չի եկել, որ գնալը լինի ցավագնորեն գիտակցելի:
  • Քո կծուլեզու ներկայությունը նրանց հանգիստը թունավորում է, որովհետև ամեն մեկը հացի հարց ունի, որ լուծում է կակազելով, գիրկապ անելով, նաև համրությամբ` ամեն օր ու ամեն ժամ, բայց առավել անտանելին քո հեգնաժպիտ ներկայությունն է, նույնն է թե` առանձնությունը: Իրենք` նախիրով, իրենք ոհմակով լինելով` էլի անապահով են, դու, ախր, դու էդ ինչի՞ տեր ես, որ ինքդ քեզ այդքան հերիք ես:

Աղբյուրը՝ granish.org


 Պիտակներ
         Վանո Սիրադեղյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz