Ինչպես դիմակայել ամռան շոգին

Առողջական 02.06.2021   09:02   42

Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա իր բարերար ազդեցության հետ մեկտեղ, կարող է նաև առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ, հատկապես երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է մարդու նորմալ կենսագործունեությունն ապահովող միջին ջերմաստիճանային ցուցանիշը:

Շոգ եղանակին մարդու օրգանիզմի վրա առավել մեծ ազդեցություն ունեցող հիմնական բացասական գործոններն են օդի բարձր ջերմաստիճանը և ուլտրամանուշակագույն ճառագայթումը: 

Ուլտրամանուշակագույն ճառագայթման հիմնական աղբյուրն արևի ճառագայթումն է: Քիչ քանակով այն կարևոր նշանակություն ունի մարդու կենսագործունեության համար, քանի որ խթանում է իմունային համակարգի գործունեությունը, ոսկրային համակարգի ձևավորման, նյութափոխանակության գործընթացները, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, աշխատունակությունը և այլն: Արևային լույսի անբավարար քանակն առաջացնում է օրգանիզմի ֆիզիոլոգիական հավասարակշռության խանգարումներ` յուրահատուկ  ախտանշանների համալիրով (ավիտամինոզ Դ, քրոնիկական հիվանդությունների սրացում, նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումներ, իմունային համակարգի թուլացում և այլն): Սակայն մեծ քանակով երկարատև ազդեցությունը համարվում է վտանգավոր և մարդու առողջության վրա կարող է ունենալ խիստ բացասական հետևանք, ինչպես սուր, այնպես էլ ուշացած ախտահարումներով՝ առաջացնելով.

  • արևային այրվածք (մաշկի կարմրություն, այտուց, ցավ, բշտերի գոյացում),
  • արևահարություններ,
  • ֆոտոկոնյուկտիվիտ (կոպերի ցավոտություն, կարմրություն, աչքերում ավազի զգացողություն, լուսավախություն, արցունքահոսություն),
  • ֆոտոալերգիա,
  • մաշկի չարորակ նորագոյացություններ` մելանոմաներ
  • տեղային ախտահարումները կարող են ուղեկցվել նաև ընդհանուր տոքսիկ երևույթներով`  մարմնի ջերմաստիճանի բարձրացում, գլխացավ, սարսուռ, սրտխառնոց, փսխում:

Օդի բարձր ջերմաստիճանը կարող է առաջացնել լուրջ անհարմարություններ, ինչպես նաև առողջական խնդիրներ բնակչության շրջանում: Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց բարձրանում է նաև մարդու օրգանիզմի ջերմակարգավորող համակարգի ծանրաբեռնվածությունը: Իր կենսագործունեության համար անհրաժեշտ հաստատուն ջերմաստիճանն ապահովելու համար ստիպված շատ ավելի ինտենսիվ են աշխատում օրգանիզմի մի շարք օրգան-համակարգեր, հատկապես սրտանոթային և շնչառական համակարգերը, ինչի արդյունքում առաջանում են գործունեության խանգարումներ: Բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ ներքին օրգաններից դեպի մաշկային և ենթամաշկային ծածկույթներ արյան տեղաբախշման արդյունքում հաճախանում է պուլսը, բարձրանում է մարմնի ջերմաստիճանը, տատանվում զարկերակային ճնշումը, շնչառությունը կարող է հաճախանալ մոտ 2 անգամ: Բարձր ջերմաստիճանը բացասաբար է ազդում նաև կենտրոնական նյարդային համակարգի վրա՝ թուլանում են պայմանական ռեֆլեքսները, առաջանում են շարժողական համակարգի խանգարումներ, իջնում է աշխատունակությունը, ինչպես նաև արգելակվում է սեկրետոր գեղձերի հյութարտադրությունը:

Ազդեցությունն առավել վտանգավոր է բացօթյա պայմաններում տարվա տաք եղանակներին ֆիզիկական ծանր աշխատանքներ կատարելիս, քանի որ կարող են առաջանալ սրտանոթային համակարգի աշխատանքի սուր խանգարումներ:

Օրգանիզմի ջերմատվության հիմնական ուղին քրտնարտադրությունն է, որն ապահովում է ջերմատվության 85%-ը, այն խիստ ավելանում է շոգ եղանակներին` նպաստելով օրգանիզմի հովացմանը: Սովորաբար օրվա ընթացքում մարդու օրգանիզմից գոլորշիանում է 2-2.5 լիտր հեղուկ, շոգ եղանակին՝ կարող է հասնել մինչև 4 լիտրի: Ակտիվ քրտնարտադրության արդյունքում մարդու օրգանիզմը ջրազրկվում է` կորցնելով հեղուկներ, հանքային աղերը (նատրիում, կալիում, կալցիում, մագնեզիում և այլն), ջրալույծ վիտամինները և սպիտակուցներ: Արդյունքում մարդկանց մոտ կարող է առաջանալ թուլություն, գլխացավ, ապատիա, քնկոտություն, սաստիկ ծարավ:  Գիտնականների հաշվարկով 1լ հեղուկ կորցնելու դեպքում մարդուն սկսում է տանջել ծարավի զգացումը: 2 լիտրի դեպքում նվազում է մտավոր գործունեության ունակությունը, 3 լիտրի դեպքում սկսվում է գլխապտույտ, 4-ի դեպքում` սրտային նոպաներ:

Ջերմաստիճանի բարձրացման նկատմամբ հատկապես զգայուն են երեխաները, հղիները, ծերերը և քրոնիկ հիվանդություններով տառապող անձինք:

Միաժամանակ, շոգ եղանակին զգալի ավելանում է նաև մրսածությամբ պայմանավորված հիվանդությունների առաջանալու վտանգը` խիստ սառեցված հեղուկներ խմելու, օդափոխիչի կամ օդորակիչի ոչ ճիշտ տեղակայելու կամ օգտագործելու պատճառով:

Ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը մեղմելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու, ինչպես նաև մրսածությունից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել հետևյալ պարզ կանոնները.

  • խուսափել արևի ուղիղ ճառագայթներից` հատկապես ժամը 12:00-17:00 ընթացքում չընդունել արևային լոգանք,
  • հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրելով գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, ցանկալի է բամբակյա կտորից հագուստ,
  • օգտագործել սովորականից շատ հեղուկներ (օրական մոտ 3 լիտր), հատկապես ջուր, թան, առանց շաքարի բնական հյութեր և թեյ։

Ջուրը ծարավը հագեցնելու ամենատարածված ու ամենամատչելի միջոցն է: Մեծ քանակությամբ աղերի ու կենսաբանական ակտիվ նյութերի շնորհիվ սառը հանքային ջուրը թարմացնում և անցկացնում է հոգնածությունը: Թանն իր մեջ պարունակող օրգանական թթուների, սպիտակուցների և աղերի շնորհիվ ծարավը հագեցնելու հրաշալի միջոց է: Բնական հյութերից ամռանը նախապատվությունը տվեք լոլիկի, թուրինջի, բալի, սալորի և հոնի հյութերին։ Թեյը ևս լավ միջոց է շոգ եղանակին ծարավը հագեցնելու համար, սակայն թեյը պետք է լինի առանց շաքար, ոչ թունդ և ցանկալի է կանաչ։ Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո:

Ցանկալի է հրաժարվել կծու, յուղոտ կերակուրներից, նախընտրել ավելի թեթև, դյուրամարս սնունդ, օգտագործել շատ մրգեր և հում բանջարեղեն, չչարաշահել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները` թե տաք, թե սառը վիճակում:

Արգելվում է գտնվել չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում, երկար ժամանակ մնալ արևի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին թողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում:

Ցանկալի է, որպեսզի երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններով տառապող անձինք ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը:

ՀՀ առողջապահության նախարարություն


 Պիտակներ
         շոգ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz