Հուսով եմ՝ նորանոր հաջողությունների ականատեսը կլինեմ․ Լյովա Հովհաննիսյան

Սպորտ 24.05.2021   13:23   13545

Այսօր ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Լյովա Հովհաննիսյանը նշում է իր 80-ամյակը։ Օգտվելով հոբելյանի առիթից՝ մի քանի հարց ուղղեցինք անվանի մարզիկին ու մարզչին։

-Այսօր Հայաստանն ապրում է դժվարին ժամանակներ։  Բնականաբար դա անդրադառնում է բոլոր բնագավառների վրա։ Ելնելով ներկայիս իրավիճակից՝ ինչպե՞ս կգնահատեք սպորտի, մասնավորապես, բռնցքամարտի վիճակը։

-Անվիճելի է, որ ֆիզիկական կուլտուրան և սպորտը հանդիսանում են հանրային կյանքի անբաժանելի մաս։

Ու չնայած պետության առջև այսօր ծանրացած լրջագույն խնդիրներին ու մարտահրավերներին, սպորտն ապրում է իր կյանքով՝ հմուտ մասնագետների ու նվիրյալների ջանքերի շնորհիվ բարձր պահելով մեր երկրի վարկանիշը տարբեր հարթակներում։

Բռնցքամարտի այսօրվա վիճակը կգնահատեմ բավարար։ Միաժամանակ, դրական ազդակները, մասնավորապես նորընտիր ֆեդերացիայի ձևավորումը՝ հույս են ներշնչում, որ նորընտիր ղեկավարի՝ Հովհաննես Հովսեփյանի և ոլորտի ներկայացուցիչների միասնական աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի բարձր մակարդակով իրականացնել մարզաձևի առջև դրված խնդիրները։

-Հայկական բռնցքամարտն ունի իր ավանդույթները և ոչ վաղ անցյալում համարվում էր ուժեղագույն դպրոցներից մեկը։ Որքանո՞վ է իրատեսական վերականգնել ու զարգացնել նախկին կարողությունները։

-Հայկական բռնցքամարտի դպրոցն ունի երկու ժամանակաշրջան՝ խորհրդային և ժամանակակից։

Վերջինը միանշանակ կարելի է արդյունավետ համարել բարձր արդյունքների հասնելու համար։

- Մարզաձևի զարգացմանը խոչընդոտող հատկապես, ո՞ր խնդիրները կառանձնացնեիք։

-Քանի որ շատ անելիքներ կան երիտասարդ մասնագետներին մոտիվացնելու համար, ընդգծեմ խնդիրներից ամենակարևորը՝ նրանց սոցիալական ապահովությունն ու գնահատված լինելը։

Համոզված եմ՝ մենք աստիճանաբար կլուծենք այս խնդիրը։

-Ի՞նչ կասեք ի պատասխան Ձեր հոբելյանի առթիվ հղված շնորհավորանքներին ու բարմաղթանքներին։

-Ես ինձ համարում եմ երջանիկ մարդ։ Ունենալով ամուր ընտանիք և սիրված աշխատանք, որի համար շնորհակալ եմ Աստծուն, դեռ շատ անելիքներ ունեմ ոլորտին օգտակար լինելու համար։

Հուսով եմ, միասնական աշխատանքի արդյունքում, նորանոր հաջողությունների ականատեսը կլինեմ։

***

Լյովա Գուրգենի Հովհաննիսյան

Ծնվել է 1941 թ.-ի մայիսի 24-ին Երևան քաղաքում, 1948- 1959 թթ. սովորել և ավարտել է Երևանի N 29 միջնակարգ դպրոցով:    ՝

1960-1963 թթ. ծառայել է Սովետական բանակում:

1968 թթ. սովորել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում, ստացել է բռնցքամարտի մարզիչ- մանկավարժի որակավորում: 1958-1972 թթ. զբաղվել է բռնցքամարտով'

1971 թթ. դարձել է Հայաստանի բազմակի չեմպիոն,

1966 թ. ԽՍՀՄ ուսանողական խաղերի / ունիվերսիադայի / չեմպիոն,

1968 թ. և 1971թ. ԽՍՀՄ արհմիութենական մարզական ընկերությունների համամիութենական խորհրդի առաջնությունների ոսկե և արծաթե մեդալակիր, միջազգային մրցումների և համամիութենական մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր : 1965թ. Լյովա Գուրգենի Հովհաննիսյանին շնորհվել է ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչում, 1976 թ.-ին ՀՀ վաստակավոր մարզչի կոչում,

1999 թ.-ին բռնցքամարտի միջազգային կարգի մրցավարի կոչում,

2001թ.-ին Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատողի կոչում,

2013թ.-ին Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի կոչում:

2003 թ.-ին Լ.Գ. Հովհաննիսյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության նախագահի շնորհակալագրով,

2007թ. Հայաստանի ազգային օլիմպական կոմիտեի «Հրանտ Շահինյան» ոսկե մեդալով, 2011 թ. ՀԱՕԿ-ի «Վարազդատ Արշակունի» ոսկե մեդալով:

1973 թթ. Լ.Գ. Հովհաննիսյանը աշխատել է «Աշխատանք» մարզական ընկերության քաղաքային և հանրապետական խորհուրդների համալիր մանկապատանեկան մարզադպրոցներում որպես բռնցքամարտի մարզիչ,

1973- 1988 թթ. աշխատել է «Աշխատանք» մարզական ընկերության հանրապետական խորհրդի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի հիմնադիր տնօրեն և համատեղությամբ մարզիչ,

1988-1992թթ. աշխատել է Արհմիութենական ֆիզկուլտուրային մարզական ընկերությունների հանրապետական խորհրդի նախագահի տեղակալ,

1992-1993 թթ. աշխատել է «Օլիմպ» մարզական առևտրա-արտադրական ասոցացիայի հիմնադիր տնօրեն,

1994-2001 թթ. աշխատել է ՀՀ մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության սպորտի վարչությունում որպես առաջատար, ապա գլխավոր մասնագետ / բռնցքամարտի և քիկբոքսինգի պետական մարզիչ/,

2001-2003 թթ. աշխատել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում, որպես նախագահի խորհրդական,

2003-2007 թթ. աշխատել է ՀՀ կարավարությանն առընթեր սպորտի և երիտասարդության հարցերի պետական կոմիտեում , որպես օլիմպիական մարզաձևերի համակարգման վարչության պետ,

1994-2011 թթ. եղել է ՀԱՕԿ-ի անդամ,

1994-2013 թթ. եղել է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար,

1998-2013 թթ. եղել է բռնցքամարտի Եվրոպական ասոցացիայի մարզչական , ապա տեխնիկական հանձնաժողովի անդամ,

2014 թ.-ից աշխատում է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում, որպես ավագ մեթոդիստ:

Լ.Գ.Հովհաննիսյանը եղել է Ատլանտայի և Սիդնեյի օլիմպիական խաղերին մասնակցած Հայաստանի բռնցքամարտի պատվիրակությունների ղեկավար, Երևանում անցկացված չորս համահայկական համաշխարհային խաղերի կազմակերպման և անցկացման հանձնաժողովի անդամ:

ԼԳ.Հովհաննիսյանի ղեկավարության տարիներին մարզադպրոցում պատրաստվել են աշխարհի, Եվրոպայի և ԽՍՀՄ չեմպիոն,աշխարհի գավաթակիր, «Բարի Կամք»-ի համաշխարհային խաղերի հաղթող, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Նշան Մունչյանը:

Լ. Հովհաննիսյանի անձնական սան' գերծանր քաշային կարգի աշխարհի գավաթի խաղարկության արծաթե, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, ԽՍՀՄ չեմպիոն ժողովրդների սպարտակիադայի հաղթող, Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող, միջազգային կարգի սպորտի վարպետ Խորեն Ինջյանը:      

ԽՍՀՄ գավաթի խաղարկության կրկնակի հաղթող՝ միջազգային կարգի սպորտի վարպետ Հրաչյա Տեր- Ստեփանյանը, աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, ԽՍՀՄ երտասարդական առաջնությունների կրկնակի հաղթող, ԽՍՀՄ սպորտի վարպետ Տիգրան Տերտերյանը , ԽՍՀՄ առաջնության և ժողովրդների սպարտակիադայի բրոնզե մեդալակիր, ԽՍՀՄ պատանեկան առաջնության հաղթող սպորտի վարպետ Արմեն Քարամյանը և այլոք:

Լյովա Հովհաննիսյանը ամենօրյա մեթոդական և գործնական աշխատանքի կազմակերպման արդյունքում իր լուման է ներդնում քոլեջում սովորող մարզիկների մասնագիտական գիտելիքների, սպորտային վարպետության բարձրացման, բարձրակարգ մարզիկների և մասնագետների պատրաստման գործում:


 Պիտակներ
         Լյովա Հովհաննիսյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz