Հիշողություն

Հոգեբանական 10.09.2020   21:30   1423

Ավանդաբար հիշողությունը ուսումնասիրում են ճանաչողական պրոցեսների համակարգում, բայց այն ընկած է յուրաքանչյուր հոգեբանական երևույթի հիմքում:

Եթե անջատենք հիշողությունը ճանաչողական ակտից, ապա զգայությունները և ըմբռնումը կապրվեն որպես նոր ծագած, իսկ ինքը` ճանաչողության ակտը և կողմնորոշումը աշխարհում կդառնան անկախ: Անձը, նրա հարաբերությունները, հմտությունները, սովորությունները, ցանկությունները, հավակնությունները գոյություն ունեն հիշողության շնորհիվ:

Հիշողության հետքերի կորուստը նշանակում է անձի անկում: Արտաքին աշխարհի պատկերները, որոնք առաջանում են գլխուղեղի կեղևում, անհետ չեն կորչում: Նրանք թողնում են հետք, որը կարող է պահպանվել երկար ժամանակի ընթացքում:Հիշողության շնորհիվ ընդլայնվում են մարդու ճանաչողական հնարավորությունները:

Հիշողությունը անհատի կողմից իր նախկին փորձի մտապահումը, պահպանումը և հետագա վերարտադրությունն է: Այն հոգեկան արտացոլման բարդագույն ձևերից է և նրա ոչ միայն նկարագրումը, այլ նաև բացատրությունը ժամանակագրական առումով ամենահինն են համարվում հոգեկան այլ պրոցեսների ուսումնասիրությունների հետ համեմատած:

Հիշողությունը որպես ճանաչողական պրոցես մասնակցում է մարդու կյանքին և գործունեությանը, և նրա տեսակների դասակարգումը պետք է անպայման կապված լինի դրանց հետ և պայմանավորված լինի դրանցով:

Ըստ այդմ հիշողության բոլոր տեսակները առանձնացվում են երեք հիմնական չափանիշների հիման վրա.
1. ըստ գործունեության մեջ գերակշռող հոգեկան ակտիվության բնույթի հիշողությունը լինում է շարժողական, հուզական, պատկերավոր և բառատրամաբանական,
2. ըստ գործունեության նպատակների բնույթի լինում է կամածին և ոչ կամածին,
3. ըստ նյութի ամրապնդման և պահպանման տևողության լինում է կարճատև, երկարատև և օպերատիվ:

1.Շարժողական հիշողությունը տարբեր շարժումների և նրանց համակարգերի մտապահումը, պահպանումը և վերարտադրությունն է: Այս տեսակը ոմանց մոտ շատ է զարգացած: Այն հսկայական նշանակություն ունի գործնական և աշխատանքային հմտությունների ձևավորման և զարգացման համար:

Առանց շարժողական հիշողության մենք ստիպված կլինեինք նույն հմտությունը, շարժումը ամեն անգամ սովորել: Սրա ցուցանիշներն են ճարպկությունը, աշխատանքային ընդունակությունների առկայությունը, «ոսկե ձեռքերը»:
Հուզական հիշողությունը զգացմունքները հիշելու ընդունակությունն է:

Հույզերը մեր գործունեության մեջ կարգավորիչ դեր ունեն և ազդանշան են տալիս մեզ, թե ինչպես վարվենք տվյալ իրադրության պայմաններում: Նրանք մեզ մղում են տվյալ գործունեությունը իրականացնելու կամ էլ ետ են պահում մեզ նրանից, այդ պատճառով այս տեսակը ևս շատ կարևոր է մարդու համար: Հուզական հիշողությունը կարող է մնացած տեսակներից ավելի ուժեղ լինել: Ապրված հույզից մնում է տպավորությունը, զգացմունքը, որոնք սակայն առարկայազուրկ չեն:
Պատկերավոր հիշողությունը մտապատկերները, բնության և կյանքի պատկերները, ձայները, հոտերը, համը առարկայորեն հիշելու կարողությունն է: Այն լինում է տեսողական, լսողական, հոտառական, շոշափելիքի և ճաշակելիքի: Եթե տեսողական և լսողական տեսակները որոշ չափով զարգացած են բոլոր նորմալ մարդկանց մոտ, ապա մյուս երեքին կարելի է անվանել հիշողության մասնագիտական տեսակներ:

Պատկերավոր հիշողության տեսակները առանձին ձևով զարգացած են լինում նաև այն դեպքում, երբ պետք է փոխհատուցեն այլ տեսակների բացակայությունը կամ թերզարգացվածությունը: Պատկերավոր հիշողությունը լավ զարգացած է լինում հատկապես գեղարվեստական մասնագետների մոտ, որոնք առավել աչքի են ընկնում էյդետիկական հիշողության գերակայությամբ: Այս անվանումը առաջացել է հունարեն էյդոս բառից, որը նշանակում է պատկեր:

Էյդետիկ կամ ակնառու պատկերները արտաքին գրգռիչների կողմից զգայարանները գրգռելու պատճառի առաջացրած լրացուցիչ հետևանքներն են: Նրանք մտապատկերների նման են, բայց նրանց բացակայության ժամանակ հանդես են գալիս անասելի մանրամասնություններով: Կարելի է կարծել, որ էյդետիկի նման կա նաև պայծառ լսողական, նույնիսկ` շոշափելիքի հիշողություն:
Բառատրամաբանական հիշողության բովանդակությունը մեր մտքերն են: Ինչպես գիտենք, միտքը առանց լեզվի գոյություն ունենալ չի կարող, այդ պատճառով այս տեսակը կոչվում է բառային-տրամաբանական:

Մտքերի վերարտադրությունը կարելի է կողմնորոշել կամ դեպի նյութի հիմնական մտքի հաղորդումը կամ բառացի ձևակերպումը, և եթե վերջինիս դեպքում նյութը իմաստային մշակման չի ենթարկվում, ապա նրա յուրացումը ոչ թե տրամաբանական, այլ` մեխանիկական մտապահում է:

Բառատրամաբանական հիշողության մեջ գլխավոր դերը պատկանում է երկրորդ ազդարարային համակարգին: Հիշողության այս տեսակը, ի տարբերություն մյուսների, հատուկ է միայն մարդուն: Հենվելով մյուս տեսակների վրա այն առաջատար է դառնում մյուսների նկատմամբ, և նրա զարգացումից է կախված մյուս տեսակների զարգացումը:
2. Հիշողությունը կամածին և ոչ կամածին տեսակների բաժանվում է կախված գործունեության նպատակներից: Այնպիսի մտապահումը և վերարտադրությունը, որոնցում բացակայում է ինչ որ բան մտապահելու կամ մտաբերելու հատուկ նպատակը` կոչվում է ոչ կամածին: Այն դեպքում, երբ այդ նպատակադրումը կատարվում է հիշողությունը կոչվում է կամածին:

Այս դեպքում մտապահման և վերարտադրման պրոցեսները հանդես են գալիս որպես հատուկ մնեմիկական գործողություններ: Հիշողության այս երկու տեսակները իրենցից ներկայացնում են նրա զարգացման երկու հաջորդական աստիճանները: Մեզանից յուրաքանչյուրը գիտի, թե ինչ մեծ նշանակություն ունի ոչ կամածին հիշողությունը մեր կյանքում, քանի որ նրա հիման վրա առանց մնեմիկական մտադրությունների և ջանքերի ձևավորվում է մեր փորձի մեծ մասը: Սակայն, կյանքում հաճախ է անհրաժեշտություն առաջանում ղեկավարել մեր հիշողությունը` նպատակադրված ձևով սովորել և վերհիշել անհրաժեշտ նյութը, որն էլ հենց կամածին հիշողության շնորհիվ է հնարավոր լինում:
3. Կախված պահպանման տևողությունից` տարբերում են կարճատև, երկարատև և օպերատիվ հիշողությունը: Հիշողության այդ տիպերի առկայությունը հաստատվում է ինֆորմացիան պահպանող տարբեր հետքերով:
Կարճատև հիշողությունը կապում են նյարդային համակարգում տատանումների բիոէլեկտրիկ կոնտուրների հետ, երկարաժամկետը` ՌՆԹ-ի սպիտակուցի կառուցվածքի փոփոխման հետ:

Կարճատև հիշողությունը բնութագրվում է կարճ ժամանակում մտապահելով, երբեմն միանգամյա և շատ կարճ ըմբռնումից հետո: Հիշողության գործընթացները ուսումնասիրելիս հատուկ ուշադրություն է դարձվում մտապահման սկզբնական փուլի և հիշողության հետքերի հենց առաջացման պահի վրա:

Որպեսզի նյութը ամրապնդվի, այն պետք է վերամշակվի սուբյեկտի կողմից, իսկ սա որոշակի ժամանակ է պահանջում: Դրան անվանում ենք հետքերի կոնսոլիդացիայի ժամանակ: Սուբյեկտի կողմից այս պրոցեսը ապրվում է որպես արձագանք հենց նոր տեղի ունեցած իրադարձությանը, որը իր դրսևորումն է գտնում հետևյալ արտահայտություններում. աչքիս առջև է, հնչում է ականջումս և այլն: Այս պրոցեսները անկայուն են և շրջելի, հետքերը շուտ են ջնջվում, բայց դրանց դերը շատ մեծ է, և սա դիտվում է որպես կարճատև հիշողություն:
Երկարատև հիշողությունը նյութի երկարատև պահպանումն է, որը որպես կանոն, պայմանավորված է բազմաթիվ կրկնումներով: Երկարատև հիշողության բովանդակությունը կազմում է այն նյութը, որը սուբյեկտի համար ունի ստրատեգիական նշանակություն: Կարճատևի անվանման մեջ ամփոփված է հիշողության ժամանակային նկարագիրը, և թվում է, թե այն կապ չունի գործունեության հետ, բայց այդ կապը ակնհայտ է, քանի որ նրա երկարատև կրկնումները նյութը տեղափոխում են երկարատև հիշողության ոլորտ: Կարճատև հիշողությունից տարբերում են օպերատիվը:
Օպերատիվ հիշողությունը մտցված է գործունեության կարգավորման մեջ` նրա միջանկյալ արդյունքները պահելու համար: Այն ենթադրում է օբյեկտների ըմբռնում գործողությունների կատարման, պատկերի և ամբողջ իրադրության կարճատև պահման, ինչպես նաև նրանց փոփոխման ժամանակ:

Օպերատիվ հիշողության տվյալները, որոնք կապված են ըմբռնման հետ, լրացվում են տվյալներով, որոնք պահվում են երկարատև հիշողության մեջ: Օրինակ, խնդիր լուծելիս մենք որոշ միջանկյալ արդյունքներ պահում ենք հիշողության մեջ, իսկ հաջորդ քայլերին անցնելիս նախորդ արդյունքների փոխարեն մտապահվում են այլ տվյալներ: Սա էլ հենց օպերատիվ հիշողությունն է: Այն տարբեր է մյուս երկու տեսակներից, բայց նրանց շփման կետն է հանդիսանում` կատարելով «բանվորական խառնուրդի» դեր:

Աղբյուրը՝ hogebanutyun.am



 Պիտակներ
         հոգեբանություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb