ՀՀ սահմաններին վերաբերող որոշումների հիմքում պետք է նաև գյուղացիների պաշտպանությունը. ՄԻՊ

Տեսանկյուն 31.05.2021   09:38   72

Արխիվային փաստաթղթերը վկայում են, որ Խորհրդային տարիներին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վեճերում տարածված են եղել դեպքերը, երբ ադրբեջանական իշխանությունները մասնակցել են պաշտոնապես հայտարարված քննարկումների, բայց զուգահեռ տեղերում կազմակերպել են հարձակումներ հայ գյուղացիների նկատմամբ, զավթել նրանց հողատարածքները և հետո այդ զավթած հողատարածքները դարձրել «քննարկումների» առարկա (Բարանա, իսկ ներկայում՝ Նոյեմբերյան, Կողբ, Կոթի, Դովեղ և այլ գյուղեր): Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Օրինակ՝ չնայած Անդրկովկասյան Դաշնության կենտրոնական գործադիր կոմիտեի հողային վեճերի հանձնաժողովի 1923թ. ապրիլի 28-ի որոշմանը, որով նախատեսվում էր Ղազախի Գավառին հանձնել Շինիխ-Այրումի շրջանում գտնվող ընդամենը 5.000 դեսյատին հողատարածք,

Ղազախի հողաշինարարական խումբը հատուկ կազմել էր բոլորովին այլ հատակագիծ՝ անտեսելով այդ որոշման պահանջը:
Զուգահեռաբար, ադրբեջանական տեղական իշխանություններն ՀԽՍՀ-ին պատկանող տարածքից ապօրինաբար տիրացել էին ավելի մեծ հողատարածքի, քան նախատեսվում էր որոշմամբ: Նրանք, մասնավորապես, ահաբեկելով տեղի անտառապետին, գրավել էին շուրջ 7.000 դեսյատին տարածք՝ իրենց «ձեռքբերումը» հասցնելով մինչև 11.800 դեսյատինի և դա դարձնելով քննարկումների առարկա:

Մեկ այլ օրինակ` 1922թ. մայիսից սկսած Տավուշի, Քարվանսարայի (Իջևան) և Ղազախի գավառների սահմանային շրջանների վեճերը և հանձնաժողովների վերջնական աշխատանքներն անընդհատ ձգձվում էին, քանի որ ադրբեջանական կազմակերպմամբ գրավվել էին հայերին պատկանող, բայց իրենց տիրույթների մեջ խրված հողերի մեծ մասը և հրաժարվում էին վերադարձնել: Դա էլ դժվարություններ էր առաջացնում նաև արոտավայրերից, անտառներից ու ջրային պաշարներից գյուղացիների օգտվելու հարցում:

Անվտանգության ու այլ բաղադրիչներին զուգահեռ, ՀՀ սահմաններին վերաբերող որոշումների հիմքում պետք է դնել նաև գյուղացիների, առհասարակ՝ մարդու իրավունքների պաշտպանությունը՝ բացառելով մեխանիկական որևէ մոտեցում»,- ասված է Թաթոյանի գրառման մեջ:

Առհասարակ, ինչպես վկայում են արխիվային փաստաթղթերը, նշված գավառների գյուղերի միջև վեճերի ծագման նախապատմությունը վկայում է, որ հաճախ վեճերն առաջանում էին ադրբեջանցի խոշոր հողատերերի (արխիվային փաստաթղթերում նշվում է՝ կալվածատերեր) պատճառով, ովքեր իրենց հողակտորները վաճառում էին հայերին, իսկ հետո առանց հիմքի հետ էին պահանջում:

Խնդիրն այն էր նաև, որ Խորհրդային Հայաստանի իշխանություններն այդ ժամանակ պատշաճ չէին արձագանքում` կանխելու համար հայ գյուղացիների իրավունքների ոտնահարումները:

Այս փաստերը, որպես քաղած դասեր, պետք է հաշվի առնել՝ մեր օրերում ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումներ թույլ չտալու նպատակով:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz