ՀՀ-ն անցում է կատարում նախադպրոցական հաստատություններում համընդհանուր ներառական կրթության

Իրադարձային 11.05.2021   10:20   81

Ընթացիկ տարում զգալի աշխատանք պետք է կատարվի նախադպրոցական հաստատություններում համընդհանուր ներառական կրթական համակարգի ներդրման ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ  ՀՀ կառավարության կողմից հաստատված նախագծի համաձայն` ներառական կրթական համակարգին անցումը լինելու է փուլային: Այս տարվա ընթացքում նախատեսված է համապատասխան գործիքակազմի, մոդուլների մշակում, նախակրթարանների անձնակազմի վերապատրաստում, իրազեկման աշխատանքներ:

Դրանից հետո՝ եկող տարվանից, համընդհանուր ներառման սկզբունքը կգործի Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում և Երևանում:

Մյուս մարզերը կմնան 2023 թվականի ներդրման գործընթացում, նույն տրամաբանությամբ՝ իրազեկում, վերապատրաստում, ներդրում: 

«Այստեղ կարևոր է այն, որ նախադպրոցական հաստատությունները կցագրվեն տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններին, որպեսզի պարզ լինի, թե նախակրթական հաստատություններին որ կենտրոններն են սպասարկելու: Հետևաբար` մենք փոխել ենք նաև տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների ֆինանսավորման կարգը՝ հաշվի առնելով այն, որ ծառայություններ են մատուցելու նախադպրոցական հաստատություններին: Կարգը գտնվում է շրջանառության վերջին փուլում, արդեն իսկ ներկայացված է վարչապետի աշխատակազմին»,-ասաց Ժաննա Անդրեասյանը: 

Քանի որ օրենսդրորեն նախատեսված է նաև կրթության ֆինանսավորման ավելացում առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաներին նախակրթարաններ ընդգրկելու համար, ըստ Ժաննա Անդրեասյանի, մշակել և շրջանառել են պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգ, որտեղ նախատեսված է նաև հավելյալ ֆինանսավորում կրթության զարգացման առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաների համար: Սա նույնպես ներկայացվել է վարչապետի աշխատակազմին:

«Հույս ունեմ, որ սա նույնպես առաջիկայում կհաստատվի: Այս փոփոխությունները հնարավորություն կտան մի կողմից մասնագիտական, մյուս կողմից ենթակառուցվածքների տեսանկյունից պայմանները բարելավելուն: Այստեղ շատ կարևորում եմ իրազեկման աշխատանքները: Մենք պետք է կարողանանք ապահովել հանրային պատշաճ իրազեկում, որպեսզի քաղաքացիները տեղյակ լինեն ու օգտվեն այս հնարավորություններից: Կարևոր է նաև հենց նախակրթարանների աշխատակիցների վերապատրաստումը, որ նրանք կարողանան աշխատել առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ: Տարեկան կտրվածքով աշխատակիցների 1/5-ն առնվազն պետք է վերապատրաստվի ու դա պարտադիր բաղադրիչ է լինելու ներառական համակարգում»,-ասաց նախարարի տեղակալը: 

Ժաննա Անդրեասյանն ընդգծեց, որ ընդհանուր առմամբ, կառավարությունը վարում է նախադպրոցական հաստատությունների որակի բարձրացման ու դրանց ընդլայնման քաղաքականություն:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz