ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի հաջորդ մրցաշրջանի նորեկը կլինի «Վանը»

Սպորտ 06.08.2020   17:12   558

Հայաստանի ֆուտբոլի Բարձարգույն խմբի 2020-21 մրցաշրջանի նորեկը կլինի «Վանը», որը 2019-20 մրցաշրջանում հանդես էր գալիս Առաջին խմբում: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Բարձրագույն խումբ տեղափոխվելու իրավունք է ստացել «Վանը», քանի որ 2019-20 մրցաշրջանի Առաջին խմբի առաջնության մասնակիցներից Բարձրագույն խմբի մասնակցության արտոնագիր էր ստացել միայն այս թիմը: Արտոնագիր ուներ Առաջին խմբի եւս մեկ մասնակից՝ «Լոկոմոտիվը», սակայն այս թիմը որակազրկված է՝ պայմանավորված խաղերի մեջ ներգրավված լինելու համար, եւ ՀՖՖ-ն հայտնում է, որ ինչպես այս թիմի, այնպես էլ նույն պատճառով որակազրկված «Արագածի», «Տորպեդոյի» ու «Մասիսի» բողոքարկումները մերժվել են, եւ նրանց պատիժները մնացել են ուժի մեջ:

Առաջին խմբի առաջնությունը պայմանավորված խաղերի պատճառով ՀՖՖ-ի՝ հուլիսի 2-ի որոշմամբ՝ դադարեցվել էր: Ինչպես նշված է ֆեդերացայի պաշտոնական կայքում, դադարից հետո «Վանն» առաջինն է 28 խաղում՝ վաստակած 70 միավորով:

Բարձրագույն խմբի առաջնության նորեկը պետք է լիներ Առաջին խմբի հաղթողը: Հակառակ ուղղությամբ պետք է գնար Բարձրագույն խմբի վերջին տեղը զբաղեցրած թիմը, սակայն Առաջին խումբը դադարեցվեց: Բարձրագույն խմբի ընդգծված հետնապահ «Երեւանն» էլ մրցաշրջանի գարնանային հատվածից առաջ դուրս եկավ պայքարից: Հետո ՀՖՖ-ն այս ակումբին եւս որակազրկեց՝ պայմանավորված խաղերի մեջ ներգրավված լինելու համար:

Բարձրագույն խմբի առաջնության նոր մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 14-ին: Կմասնակցի 10 թիմ: Խաղացանկերը կհաստատվեն մոտակա օրերի ընթացքում:



 Պիտակներ
         ֆուտբոլ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb