Հայ Առաքելական Եկեղեցին նշում է

Օրացույց 17.07.2021   10:00   550

Ս. Թադեոս առաքյալի և Ս. Սանդուխտ կույսի հիշատակության օրը

Ս. Թադեոս առաքյալը և Ս. Սանդուխտ կույսը Հայ Եկեղեցու ամենանշանավոր տոնելի սրբերից են, քանի որ նրանց անվան հետ է առնչվում հայոց լուսավորության պատմությունը: Քրիստոսի Համբարձումից հետո, համաձայն Տիրոջ պատգամի՝ «Գնացե՜ք, ուրեմն աշակերտ դարձրեք բոլոր ազգերին, նրանց մկրտեցեք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով» (Մատթ. 28:19), Թադեոսը նախ գալիս է Եդեսիա, ավետարանում կենաց խոսքը, ի թիվս բազում հրաշքների բժշկում նաև Աբգար թագավորին, ապա՝ իրեն փոխարինող նշանակելով Եդեսիայում, գնում է Հայոց Սանատրուկ արքայի տիրույթները: Այստեղ զանազան վայրեր քարոզելուց հետո բազմաթիվ հեթանոսների է քրիստոնեական հավատի բերում և հիմնադրում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին: Գալով Արտազ գավառ, առաքյալը մտնում է հայոց արքունիք և դարձի բերում արքայադուստր Սանդուխտ կույսին: Իրազեկ դառնալով այս ամենին, Սանատրուկ հայոց արքան սկզբում հորդորում է դստերը ետ դառնալ նախկին հավատին, սակայն՝ ապարդյուն: Զայրացած արքան թե՜ Թադեոս առաքյալին, թե՜ Սանդուխտ կույսին նետում է բանտ և դաժան տանջանքների ենթարկում: Արքունի իշխանազուն կառավարչի միջոցով արքայադստերը տարհամոզելու վերջին փորձը ևս ապարդյուն է անցնում: Քրիստոնյա է դառնում նաև կառավարիչը: Ի վերջո, արքայի հրամանով Ս. Թադեոս առաքյալը և Ս. Սանդուխտ կույսը նահատակվում են արքայական ամառանոց Շավարշավան գյուղաքաղաքում: Հայ Եկեղեցին Ս. Թադեոս առաքյալի հիշատակը տարվա մեջ ոգեկոչում է երկու անգամ, նախ՝ Ս. Բարդուղիմեոս առաքյալի, ապա` Ս. Սանդուխտ կույսի հետ:

Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-07-30, 2023-07-22, 2024-07-13, 2025-08-02, 2026-07-18, 2027-07-10, 2028-07-29, 2029-07-14, 2030-08-03:


 Պիտակներ
         Հայ Առաքելական Եկեղեցի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz