Հայ Առաքելական Եկեղեցին նշում է

Օրացույց 17.06.2021   10:00   558

Ս. Թեոդիտոն Գաղատացու, Ս. Թալիլյա բժշկի և 7 կույսերի հիշատակության օր

Ս. Թեոդիտոն Գաղատացին Դիոկղետիանոս կայսեր հալածանքների զոհերից է: Լինելով գինեվաճառ, պակաս կասկածելի է թվում հալածիչներին, ինչի շնորհիվ կարողանում է ամեն կերպ օգնության հասնել հալածյալ քրիստոնյաներին. գինի է մատակարարում Սուրբ Խորհրդի համար, հողին է հանձնում նահատակների մարմինները և այլն: Երբ Գաղատիայի կուսակալի հրամանով ջրասույզ են արվում Տեկուսա, Աղեքսանդրա, Կղոիդա, Փեննա, Եվփրասիա, Մատրոնա և Հուղիտա յոթ քրիստոնյա կույսերը, որոնց թվում էր նաև Թեոդիտոնի մորաքույրը, Թեոդիտոնն այլ քրիստոնյաների օգնությամբ կարողանում է գաղտնի ջրից դուրս բերել խորտակվածներին ու թաղել: Սակայն կատարվածը հայտնի է դառնում, և հալածանքներն ընդդեմ քրիստոնյաների առավել սաստականում են: Իր հավատակիցներին փրկելու համար Թեոդիտոնը հանձնվում է կռապաշտներին ու ամենածանր տանջանքների ենթարկվելուց հետո գլխատվում: Ս. Թեոդիտոնի և յոթ կույսերի հիշատակը Հայ Առաքելական եկեղեցում տոնում են միասին Հոգեգալստյան երրորդ շաբաթվա հինգշաբթի օրը:

Նույն օրը Ս. Թալիելյա բժշկի հիշատակության օրն է: Դիմանալով ամենաանմարդկային տանջանքների, երանելի սուրբն իր հավատի ամրությամբ դարձի է բերում անգամ իր դահիճներին: Նրան նետում են ծովը, որտեղից փրկվում է աստվածային հրաշքով և նահատակվում է՝ գլխատվելով:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz