Հաստատվել են առարկայական փորձնական չափորոշիչները

Իրազեկիչ 10.05.2021   12:45   93

Հանրակրթության պետական չափորոշչի հիմքի վրա ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի ապրիլի 30-ի հրամաններով հաստատվել են 2021-2022 ուսումնական տարվա առարկայական փորձնական չափորոշիչները և ծրագրերը՝ Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում փորձարկելու նպատակով:

Ըստ այդմ՝ հաստատվել են «Մայրենի», «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայ գրականություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն», «Ֆիզիկական կուլտուրա», «Շախմատ», «Նախնական զինվորական պատրաստություն», «Օտար լեզուներ», «Մաթեմատիկա», «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություններ», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Բնագիտություն», «Բնություն», «Ես և շրջակա աշխարհը», «Տեխնոլոգիա», «Կերպարվեստ», «Երաժշտություն», «Աշխարհագրություն» առարկաների, «Արվեստ» ինտեգրված դասընթացի և «Հայագիտություն» («Իմ հայրենիքը», «Իմ հայրենիքը և աշխարհը», «Հայոց պատմություն» առարկաներ) բնագավառի չափորոշիչներն ու օրինակելի ծրագրերը։ 

Տավուշի մարզում չափորոշիչների փորձարկումը փուլային տարբերակով կսկսվի 2021 թվականի սեպտեմբերից՝ ընտրված դասարաններում: 1-ին տարվա ընթացքում դրանք կփորձարկվեն 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ, երկրորդ տարում՝ 1-ին, 2-րդ  3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ և 11-րդ, իսկ երրորդ տարում՝ բոլոր դասարաններում: Նախատեսվում է իրականացնել հանրակրթական և նախնական ուսումնական հաստատությունների ուսուցչական և դասախոսական անձնակազմերի ու տնօրենների լայնածավալ վերապատրաստումներ, ինչպես նաև ուսումնական նյութերի մշակումներ: Բացի դրանից՝ բոլոր դպրոցներում կստեղծվեն նոր չափորոշիչներով դասավանդման համար անհրաժեշտ լաբորատոր և այլ ենթակառուցվածքներ: Փորձարկման արդյունքները հաշվի առնելով` չափորոշիչները կլրամշակվեն և 2023 թվականից կրկին փուլային տարբերակով կներդրվեն հանրապետության բոլոր դպրոցներում՝ մինչև 2026 թվականը:

Նշենք, որ մինչ հաստատվելը չափորոշիչներն անցել են հանրային և մասնագիտական քննարկումների տևական փուլ. դրանք քննարկվել են ուսուցչական, դասախոսական համայնքների և ոլորտի մասնագետների հետ: Աշխատանքային խմբերում ներգրավված են եղել ավելի քան 70 մասնագետներ, որոնք մշակել են չափորոշիչները, ապա դրանք հավելյալ քննարկվել են մասնագիտական առանձին խմբերի հետ՝ ի դեմս ԵՊՀ-ի, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, ԳԱԱ-ի և այլն: Ներկայացված բազմաթիվ առաջարկների հիման վրա դրանք շտկվել, խմբագրվել ու լրամշակվել են: 

Հավելենք, որ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» ծրագրի «Հանրակրթության որակի բարելավում՝ կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով» ենթածրագրի շրջանակում մշակվել են հետևյալ ուսումնական բնագավառների չափորոշիչները՝ հայոց լեզու, հայ գրականություն, հասարակական գիտություններ, օտար լեզուներ, արվեստ, ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն: Համաշխարհային բանկի կողմից ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում ԵՄ-ն՝ նորարարության համար. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական առարկաների և մաթեմատիկայի կրթության բարելավում» ծրագրի շրջանակում էլ մշակվել են ԲՏՃՄ առարկաների (բնագիտական, ճարտարագիտական առարկաներ, ՏՀՏ/համակարգչային գիտություններ, մաթեմատիկա, աշխարհագրություն) չափորոշիչները: Ծրագրի գործընկեր կազմակերպություններն են՝ Համաշխարհային բանկը, Եվրոպայի խորհուրդը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը։

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


 Պիտակներ
         չափորոշիչներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz