Գերեվարված զինծառայողները գտնվել են ՀՀ տարածքում. Փաշինյան

Քաղաքական 27.05.2021   11:24   104

ՀՀ Կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայողի գերեվարմանը նշելով՝ դա գերեվարում չէ, այլ տեղի է ունեցել զինծառայողների առևանգում ՀՀ տարածքից։

«Դուք տեղյակ եք, որ այդ տարածքում մայիսի 12-ից գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներ և ուզում եմ հատուկ ընդգծել, որ տեղի ունեցող գործընթացները բացարձակապես անընդունելի են մեզ համար։ Այս կարգի միջադեպերը տեղի են ունենում այն պատճառով, որ ոմանք ուզում են այնպես անել, որ մենք համակերպվենք մեր տարածում ադրբեջանական ուժերի ներկայության հետ, ինչը տեղի ունենալ չի կարող», - ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ դեպքի հանգամանքները կպարզվեն, բայց դեպքը տեղի է ունեցել ՀՀ տարածքում ու վեց զինծառայողներն ունեցել են ինժեներական, սահմանի կահավորման խնդիրը, ինչը շարունակաբար տեղի է ունենում ամբողջ սահմանի երկայնքով։

«Կարևոր եմ համարում, որ այս դեպքը չօգտագործվի ներքաղաքական նպատակներով։ Պետք է դատապարտել այս իրավիճակը բանակի և ԶՈՒ դեմ օգտագործելու բոլոր փորձերը, որովհետև զինծառայողները, բանակը կատարում են ՀՀ սահմանները պաշտպանելու իրենց գործառույթը», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վերջին օրերին տեղի ունեցող միջադեպերը, նրա խոսքով, արձանագրում են, որ սա ամենևին սովորական իրադրություն չէ, ինչպես փորձ է արվում ներկայացնել Ադրբեջանի իշխանությունների կողմից․ «Սա Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը սպառնացող ուղղակի վտանգ է, որը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։ ՀՀ-ն պետք է օգտագործի բոլոր, այդ թվում՝ միջազգային լծակները, իրադրությունը շտկելու և կարգավորելու համար»։

Նա կարևորեց նաև, որ տեղի ունեցած դեպքի մանրամասների մասին հստակ տեղեկություն տրվի, որպեսզի ադրբեջանական ապատեղեկատվությունը չտարածվի, այդ թվում՝ հայկական տիրույթում։
«Մեր հանրությունն այսօր առավել ևս պետք է համախմբված լինի մեր բանակի, մեր Զինված ուժերի և պետական ինստիտուտների շուրջ, որ մենք այս իրադրությունը հետևողական և հանգիստ հաղթահարենք», - ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ հակառակորդի նպատակները պետք է արձանագրել և կառավարել։

Առաջինն այն է, որ իրենց զինված ուժերի ներկայությունը մեր տարածքում դիտվի սովորական երևույթ։ Երկրորդը՝ հրահրել ռազմական բախում՝ իրադրությունը վերահսկողությունից դուրս բերելու նպատակով․ «Մենք այս երկու նպատակներից որևէ մեկին տուրք չպիտի տանք։ Մեր պահանջը հստակ է, որ Ադրբեջանի զինված ուժերն անվերապահորեն պետք է դուրս գան ՀՀ տարածքից։ Երկրորդը՝ մենք բոլոր իրավիճակներում լինելու ենք սթափ, շրջահայաց և սադրանքների կառավարումը պիտի իրականացնենք շրջահայացորեն»։


 Պիտակներ
         Փաշինյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz