Էդվարդ Մունկ. «Ես նկարում եմ միայն հիշողությունները․․․»

Մարդիկ 08.06.2021   21:00   289

Էդվարդ Մունկը նշում էր. «Ես նկարում եմ միայն հիշողությունները, ոչ մի ավելորդ դետալ, ոչինչ, ինչ ես ինքս չեմ տեսել, այստեղից էլ իմ նկարների պարզությունը, այստեղից էլ իմ նկարների դատարկությունը»:

Մունկի կյանքում կորուստները հաջորդել են մեկը մյուսին: Երբ նա դեռ հինգ տարեկան էր, կորցնում է մորը, դա այն հիմնական իրադարձությունն էր, որ փոխեց իր կյանքը, այնուհետև ինը տարի անց նա կորցնում է իր քույր Սոֆիին:

Թեև հայրը շատ հոգատար էր երեխաների նկատմամբ, բայց նրա հիվանդագին հավատացյալ լինելը ծանր է անդրադարձել Մունկի հոգեկանի վրա: Նրա ստեղծագործություններում տանջանքի և միայնության թեմաները հասնում են ծայրահեղության: Ինչպես նա էր նշում. «Հիվանդությունը, խելագարությունն ու մահը այն սև հրեշտակներն էին, որոնք հետևում էին ինձ: Հաճախ ես արթնանում էի գիշերը, նայում շուրջս և հարցնում ինքս ինձ՝ արդյոք ես դժողքում չեմ»:

Երբ Մունկը լինում է Փարիզում, նամակ է ստանում հոր մահվան մասին: Թեև վերջին շրջանում նրանց ընդհատված կապին, Մունկը շատ ծանր է տանում այն հանգամանքը, որ չի կարողանում ներկա գտնվել հոր հուղարկավորությանը, որն էլ ծանր հետևանքներ է ունենում իր վրա:

Մունկի կյանքում ճակատագրական է լինում նաև սիրային կապը Տուլայի հետ: Երբ վերջինս նկարչից պահանջում է ամուսնանալ, իսկ Մունկը կտրականապես մերժում է, նա դեղահաբերի միջոցով փորձում է ինքնասպան լինել: Նրանք հանդիպում են խոսելու, սակայն Տուլան Մունկի առջև կրկին անգամ փորձում է ինքնասպան լինել ատրճանակով:

Մունկը, կարծելով ,որ դա ցուցադրական քայլ է, ամեն դեպքում ձեռքով փորձում է պահել ատրճանակը, և արդյունքում կրակոցը հնչում է և վնասում Մունկի ձեռքը: Դրանից հետո նրանց կապը խզվում է, սակայն վատանում է նաև Մունկի հոգեվիճակը: Նրա մոտ կպչուն և մշտապես հետապնդման մտքեր են լինում, դառնում է ագրեսիվ և տեղի-անտեղի բախումներ հրահրում: Նրան ստիպված են լինում տեղափոխել հոգեբուժարան, որտեղ էլ նա մնում է վեց ամիս: Հոգեբուժարանից դուրս գալուց հետո նա իր ստեղծագործություններում սկսում է ավելի կտրուկ գույներ օգտագործել: 

1899 թ. Մունկը ստեղծում է «Մահացած մայրը», որում արտահայտում է այն, ինչ տանջել է նրան մանկության սարսափելի երազներում: Այս նկարն ինչ- որ չափով արտահայտում է նրա կարոտը, հուսահատությունն ու խելագարությունը: 

Նկարը շատ պարզ է, նրանում չկան վառ գույներ, սակայն կա մորը կորցրած երեխայի ցավը: Մունկը տարիներ անց մխիթարվում է՝ հնարավորություն ունենալով կիսվել իր վշտով հանդիսատեսի հետ:

Գլխավոր կերպարը մահացած կինը չէ, որի շուրջ կարող էին սգալ հարազատները: Գունատ դեմքը ետին պլանում է, իսկ նրա դիմաց կանգնած է աղջիկ, նրա աչքերը լայն բացված են, գլուխը՝ ձեռքերով բռնած: Այստեղ Մունկի ողջ կենսագրությունն է՝ մահացած մայրը և քույրը, մահվան և միայնության վախ, նրան հաջողվել է փոխանցել երեխայի հույզերը, քանզի նա իրականում քրոջ միջոցով ներկայացրել է իր ապրումները այդ նույն տարիքում: 

Նա արտահայտում է իր վշտի և միայնության մշտական զգացումը երեխայի վարքի միջոցով: Երեխան փակվել է արտաքին աշխարհի ձայներից և չի ցանկանում իմանալ, լսել և ընդունել, որ կորցրել է ամենամոտ մարդուն: Որբացած երեխայի աչքերում արտահայտված ցավ ու սարսափ է, մայրը լռում է…

Հոդվածի հեղինակ՝ Լ. Գրիգորյան

Աղբյուրը՝ zhest.am


 Պիտակներ
         Էդվարդ Մունկ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz