Դատավորը կաշառքը ստացել է փաստաբանի միջոցով

Օրենքի ուժով 28.03.2019   16:29   605

ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել դատավորի կողմից իր լիազորությունների շրջանակներում անձի օգտին որոշակի գործողություններ կատարելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու մասին: 
ՀՀ ԱԱԾ–ից հայտնում են, որ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների վերահսկողության ներքո կաշառքի գումարը հանցակից փաստաբանի միջոցով փոխանցվել է դատավորին, որից անմիջապես հետո ստացված գումարը վերջինիս մոտ հայտնաբերվել և վերցվել է:
Դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջինիս օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
ՀՀ դատական օրենսգիրք ՀՀ սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածով սահմանված կարգով հանցանքը կատարելուց անմիջապես հետո բռնված դատավորը վերցվել է արգելանքի, որի մասին նշված հոդվածով սահմանված կարգով տեղեկացվել են Բարձրագույն դատական խորհրդի նախագահը և ՀՀ գլխավոր դատախազը:
Ձերբակալված դատավորը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանն է:


 Պիտակներ
         կաշառք, կաշառակեր, դատավոր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz