Դատարկ աթոռներ կամ ցավեցնող լռություն. Նաիրա Աբարհամյան

Հայեր 28.06.2021   20:00   193

Չկա այնպիսի մարզաձև, որ ցավի չափ ուժ տա մարդուն։
*
Կյանքն իր դատարկությունը մահով է արդարացնում։
*
Կարոտին ժամանակն է ծնում՝ պահելով միշտ երիտասարդ։
*
Մորմոքը լռության մեջ է շատախոս դառնում։
*
Ամենագեղեցիկը հիշողությունից ծնված ժպիտն է։
*
Լինում են պահեր, որ բերանումդ միայն արցունքն է համ տալիս։
*
Ցավն ուժ ու համբերություն է ներարկում երակներիդ մեջ։
*
Կյանքը երբեմն քեզ դատապարտում է լռության ծանր հոդվածով։
*
Ծիծաղը չբացահայտված հանելուկն է վշտի սրտում։
*
Ցավի բթացումից է կարոտն անմահանում։
*
Թույլ մարդիկ ամենաերջանիկներն են, նրանց ուսերը նուրբ են ցավը կրելու համար։
*
Գիտնականներն ի զորու չեղան ցավի չափման միավոր ստեղծել։
*
Գիշատիչ ու քաղցած կենդանին անգամ ցավ տեսած մարդուն իրեն զոհ չի դարձնում։
*
Կարոտը երազից միայն չվացուցակներ է նվեր ստանում։
*
Կյանքը սիրելու գաղտնիքը թաքնված է մահվան սարսափի մեջ։
*
Մահն անմահության հաղթաթուղթն է կյանքի ուղեծրում։
*
Ամենախիտ ու թանձր հեղուկը մոր արցունքն է։
*
Հեքիաթներ կան, որոնց վերջում խնձորները վայր չեն ընկնում, մնում ու ապրում են երկնքի հեռուներում։
*
Կյանքը մահի հականիշը չէ․ քույրեր են նրանք։
*
Ցավեցնող է, երբ սուր մկրատը կտրատում է սպասումիդ ծաղկանկար ուղին։
*
Ես՝ ուշ, բայց հասկացա, կյանքն ուժիգին ու ծանր հարվածում է նրան, ով խոնարհաբար է սիրել իրեն։
*
Ամենատաք վերմակը հողն է։
*
Աթոռները դատարկությունից են ծերանում։

Նաիրա Աբարհամյան

Աղբյուրը՝ granish.org


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz