COVID-19-ով պայմանավորված` կարող են ի հայտ գալ մի շարք նյարդաբանական հիմնախնդիրներ

Առողջական 01.06.2021   12:16   57

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ COVID-19 համավարակով պայմանավորված` կարող են ի հայտ գալ մի շարք նյարդաբանական հիմնախնդիրներ: Արդեն իսկ բոլորին ծանոթ են հոտառության և համի զգացողության խանգարումները COVID-19-ով հիվանդների շրջանում։

Վարակի ժամանակ դիտվում են ինչպես համի և հոտառության կորուստ, այնպես էլ կարող են լինել համի և հոտառության աղավաղում։ Ըստ նոր տվյալների` հայտնի են նաև համի և հոտի աղավաղման ինչպես երկարաժամկետ փոփոխություններ, այնպես էլ ուշացած դրսևորումներ: Նաև որոշ հիվանդներ նշում են ականջների խշշոցը (tinnitus):
Հատուկ ուշադրություն պետք է դարձվի մի շարք ախտանիշների, ինչպես ընդհանուր՝ գլխացավ, գլխապտույտ, մկանացավեր, հոգնածություն, այնպես էլ ավելի տիպիկ դրսևորումների։ Համի և հոտառության կորուստը, տեսողության խանգարումները, գիտակցության մակարդակի փոփոխությունները, գլխապտույտը, ատաքսիան, էպիլեպտիկ ցնցումները արտառոց նշաններ են, որոնք չպետք է անտեսվեն։

Հայտնի են դեպքեր, երբ դիտվել են կենտրոնական նյարդային համակարգի խանգարումներ՝ ուղեղանոթային խանգարումներ կաթվածի (ինսուլտ) տեսքով, ուղեղի թաղանթների և ուղեղանյութի բորբոքում, էպիլեպտիկ ցնցումներ, ինչպես նաև քիչ չեն ծայրամասային նյարդային համակարգի բարդությունները:

Քանի որ COVID-19-ը էապես բարձրացնում է թրոմբոզների՝ արյան մակարդման խանգարումների ռիսկը, ապա հատկապես վտանգավոր է կաթվածը (ինսուլտ), ինչպես նաև` գանգի երակածոցերի թրոմբոզը։

Հարկ է նշել, որ վերջինս, ըստ որոշ հետազոտությունների, մոտ 10-ն անգամ ավելի շատ է հանդիպում COVID-19-ի ժամանակ, քան որոշ պատվաստանյութերից։ Կարող են դիտվել նաև ներգանգային արյունազեղումներ։

Հոտառության և համի զգացողության փոփոխությունները հաճախ հիմք են հանդիսանում դեպրեսիվ խանգարումների զարգացման։ Կաթվածը և բորբոքային երևույթները կարիք ունեն շտապ բուժման, այդ պարագայում հնարավոր է խուսափել անցանկալի բարդություններից։

Միաժամանակ, COVID-19-ով վարակվածները շատ հաճախ գանգատվում են տրամադրության տատանումներից, տագնապային ֆոնն է աճում, սկսվում կամ բարդանում է նաև անքնությունը։ Հետքովիդային համախտանիշ են նույնիսկ առանձնացնում, որտեղ մեծ տեղ է զբաղեցնում ընդհանուր ասթենիզացիան, թուլությունը, հոգնածությունը, նյարդահոգեկան ախտանիշները, ուշադրության և հիշողության վատացումը և այլն։

Հատկանշական է, որ ինքնամեկուսացումը նշանակալի ազդել է առողջ բնակչության քնի և քնի խնդիրների վրա։ Ըստ կատարված հետազոտության` COVID-19 համավարակի ժամանակ ինքնամեկուսացման շրջանում նշանակալիորեն աճել են անքնության դեպքերը, անհանգիստ ոտքերի համախտանիշը՝ ինչպես նոր դեպքերի տեսքով, այնպես էլ հաճախականության աճով։ Դիտվել են քնի ռեժիմի խանգարումներ և քնից ընդհանուր բավարարվածության նվազում։ Տրամադրության խանգարումները ևս նկարագրվել են մասնակիցների կողմից` որպես տագնապայնության և դեպրեսիայի հանդիպելիության աճ։

ԱՆ-ն հիշեցնում է, որ կանխելով բուն վարակը` էապես նվազեցնում ենք վերոնշյալ բոլոր բարդությունների ռիսկը։ Իսկ դրան հնարավոր է հասնել միայն պատվաստվելով:


 Պիտակներ
         covid-19


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz