Բեյհայ այգին, Չինաստան

Art News 11.08.2020   22:30   2044

Պեկինի աշխույժ կենտրոնական թաղամասում է գտնվում Բեյհայ այգին, որը երկրի հայտնի պատմական հուշակոթողներից է։ Բեյհայը Չինաստանի ամենահին կայսերական այգիներից մեկն է, որը հիմնադրվել է ավելի քան հազար տարի առաջ։

Այգու ստեղծման հետ հետաքրքիր պատմություն է կապված, համաձայն որի՝ այդ տարածքում վաղնջական ժամանակներում երեք կախարդական լեռներ են եղել։ Այդ լեռներում աստվածներ են ապրել, որոնք բուժիչ բույսերի հրաշագործ ուժի մասին անգին գիտելիքների տեր են եղել։ Հազարավոր տարիներ շարունակ տիրակալները փորձել են գտնել այդ լեռները, իսկ հետագայում՝ նաև վերստեղծել դրանք։

Բեյհայ այգին գտնվում է երեք կղզիների վրա, որոնք խորհրդանշում են երեք կախարդական լեռները։ Ներկայումս հրաշալի այգին, որի տարածքը կազմում է 69 հեկտար, հայտնի պատմական ու կրոնական հուշակոթողների վայր է։ Նրա տարածքում հրաշալի տաճարներ ու դղյակներ կան, որոնք կառուցվել են դեռ Մին դինաստիայի տարիներին։ Իսկ այգու զարդը Բեյհայ լիճն է, որը զբաղեցնում է նրա տարածքի կեսից ավելին։

Չնայած նրան, որ կայսերական այգին կառուցվել է դեռևս 9-րդ դարում, հասարակության համար այն բացվել է միայն 1925 թվականին, իսկ մինչ այդ այգի այցելել կարող էին միայն կայսերական ընտանիքների անդամները։

Այգու տարածքը բաժանված է չորս մասի։ Կլոր քաղաքում կարելի տեսնել բուդդայական մատուռն ու գեղեցիկ արձանները, իսկ Նեֆրիտե կղզու տարածքում է գտնվում գեղեցիկ տաճարային կոմպլեքսն ու այգու գլխավոր խորհրդանիշը։

Ամենահանգիստն ու գեղեցիկը համարվում է Արևելյան կղզին, իսկ Հյուսիսային կղզում կարող եք այցելել հին տաղավարներ։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         անսովոր զբոսայգիներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb