Այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ՝ դա 100 տոկոսով համապատասխանում է ՀՀ ազգային շահերին. Փաշինյան

Հրատապ 20.05.2021   12:13   101

Միջազգային մեր գործընկերների եւ Հայաստանի դիրքորոշումները, ըստ էության, նույնական են. այն է՝ Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները պետք է լքեն ՀՀ տարածքը: Այս մասին, այսօր՝ մայիսի 20-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Սա մի փաստ է, որը աշխատանքային մակարդակում արձանագրված է: Բայց բնականաբար, սա չանելու համար Ադրբեջանը օգտագործում է որոշակի լծակներ, գործողություններ եւ Հայաստանում ունի անսպասելի կամ արդեն կարող ենք ասել, որ ունի շատ սպասելի դաշնակիցներ:

Ես ԱԽ նախորդ նիստերից մեկում արձանագրեցի, որ ժամանակակից  աշխարհում տեղեկատվական պայքարը երբեմն ավելի կարեւոր է լինում, քան բուն դաշտում տեղի ունեցողը: Կրկին ուզում եմ ասել, որ չեմ խուսափի այդ բառից՝ Ադրբեջանը Հայաստանի քաղաքական վերնախավում ունի տեղեկատվական պայքարի գործակալներ: Ընդ որում, այդ մարդկանց գործունեությունը նոր չի: Գուցե այս պրոբլեմն ամբողջ աշխարհում կա, բայց այդ մարդիկ 2020-ին Ադրբեջանին հրավիրում էին հարձակվել Հայաստանի վրա՝ հրապարակային, բաց: Այդ մարդիկ վերջերս ԱԺ-ում, տարբեր տեղերում ցույց էին տալիս այն արահետները, որոնցով կարելի է հնարավորինս ապահով հատել ՀՀ սահմանը: Հիմա այդ մարդիկ Ադրբեջանին աջակցում են, որպեսզի այն դիվանագիտական աշխատանքը, որ անում ենք, դրանք իրագործելուց խուսափելու հնարավորություն ունենան: Հերթական անգամ հյուսվում է ՀՀ կառավարության կողմից գծագրվող դավադրությունը ընդդեմ ՀՀ-ի»,-ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ շատ անհարգալից իրադրություն ունենք ՀՀ հանրության հանդեպ. «Համացանցում  հրապարակվում է թուղթ, որի 90 տոկոսը ծածկված է, սեւով փակած է: Եվ դա ներկայացվում է  որպես ապացույց, որ ՀՀ կառավարությունը ստորագրում է հակահայկական փաստաթուղթ: Բա եթե յդպես է, դրա տողերը ոչ թե պետք է թաքցվեն, այլ դրա տողերը  բացվեն, ներկայացվեն հանրությանը: Ինչո՞ւ եք թաքցնում:

Այս գործողություններն այլ կերպ քան Ադրբեջանի տեղեկատվական գործակալական ցանցի գործունեություն ես չեմ կարող որակել: Ես չգիտեմ՝ դե յուրե ինչ ձեւակերխում ունի, բայց իմ քաղաքական գնահատականը դա է: Ընդ որում, պետք է վերլուծել, թե այդ աշխատանքային փաստաթղթերը նրանք որտեղից են ստանում: Ես ինչքան վերլուծում եմ, միակ աղբյուրը, որ կարող են ստանալ, Ադրբեջանն  է: Որովհետեւ եռակողմ խոսակցություն է գնում ՌԴ, ՀՀ եւ Ադրբեջան: Ինչքան վերլուծում եմ, այդ փաստաթղթերը ստանում են Ադրբեջանից:

Այն լուծումները, որոնք մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված նախնական համաձայնություններ, այդ լուծումները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին: Եթե Ադրբեջանը այդ պայմանավորվածություններն օգտագործի եւ այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, ապա այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ հիմա այդ թուղթը չի հրապարակի, որովհետեւ կոռեկտ չի, աշխատանքային թուղթ է, բանակցություններ են ընթանում:


 Պիտակներ
         Փաշինյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz