Արտակ Բեգլարյանի պարզաբանումը՝ հանրահավաքին իր արած հայտարարության մասին

Իրադարձային 23.06.2021   10:06   45

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

Քանի որ այս թեմայի շուրջ արդեն շատերն են հարցեր տվել, իսկ ոմանք՝ հավատացել կեղծ լուրին, պարզաբանեմ, թե ինչ է կատարվել հունիսի 21-ի հանրահավաքում իմ ու մասնակիցների միջև:

Երբ այցելեցի հանրահավաքի վայր, բարձրախոսով հանգստության կոչեր արեցի, որ կարողանանք քննարկել նրանց պահանջները: Այնուհետև մի քանի անգամ փորձեցի նորից խոսել բարձրախոսով, ինձ ընդհատեցին «դավաճան» վանկարկումներով: Դա տրամաբանորեն ընդունելով իմ հասցեին ուղղված՝ բառացի ասացի՝ «Եթե ես դավաճան եմ, ապա այստեղ բոլորս ենք դավաճան»՝ նկատի ունենալով, որ ես էլ իրենցից մեկն եմ և մեզնից ոչ ոք «դավաճան» չէ:

Դրանից հետո ոմանք սկսեցին տարածել, թե ես ժողովրդին ասել եմ «դուք եք դավաճան», այնինչ այդ պնդման ու իմ ասածի միջև բովանդակային տարբերությունը հսկայական է: Իհարկե, հանրահավաքի որոշ մասնակիցներ հետո մոտեցան ինձ ու պարզաբանեցին, որ վանկարկումները ինձ չէին ուղղված՝ ընդունելով թյուրիմացությունը: Անկախ այդ թյուրիմացությունից, հանրահավաքի մասնակիցների հետ իմ հաղորդակցությունն, ընդհանուր առմամբ, կառուցողական ստացվեց:

Հ.Գ.

Ներկա մարտահրավերների ու անորոշությունների պայմաններում, որպես պետական գործիչ ու քաղաքացի, ակնկալում եմ ողջախոհություն ու երկխոսության պատրաստակամություն հանրահավաքի մասնակիցների կողմից: Ինչպես միշտ, ես լիովին պատրաստ եմ իմ կառուցողական դերակատարությունը ունենալ երկխոսության կայացման ու հիմնախնդիրների քաղաքակիրթ կարգավորման գործում:


 Պիտակներ
         Արտակ Բեգլարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz