«Առավոտ». «Владимирский централ» լսող տաքսիստներին ազատազրկելո՞ւ են

Մամուլ 29.06.2019   09:42   607

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է.

«Արդարադատության նախարարությունը կառավարությանը կներկայացնի «քրեական աշխարհին հարելը» քրեականացնող նախագիծը: Նախագծով քրեական միջավայր ստեղծելը կամ ղեկավարելը, քրեական միջավայրում կամավոր ներգրավվելը, այդ են­թամշակույթին հարելն ու տարածելը կքրեականացվի:

Պատիժներն էլ բավականին սոլիդ են նախատեսված՝ շարքային «գողականների» համար 6-10 տարի, դրանց «շեֆի» համար՝ 10-15 տարի: Ըստ արդարադատության նախարարի՝ նման օրենքներ գործում են Ռուսաստանում, Վրաստանում եւ Ուկրաինայում:

Ինձ համար այնքան էլ պարզ չէ, թե ինչ է նշանակում «հարել քրեական աշխարհին»: Գոյություն ունի Քրեական օրենսգիրք, որը նախատեսում է կոնկրետ հոդվածներ, քաղաքացին, որը կատարել է այդ հոդվածներով նախատեսված հանցագործություններ, դատվում է: Եթե ես այդ «քրեական» քաղաքացու հետ, ասենք, քավոր-սանիկային հարաբերությունների մեջ եմ, կամ նրա հետ ամեն երեկո գարեջուր եմ խմում, արդյո՞ք դա կնշանակի, որ «հարում եմ քրեական աշխարհին»:

Ինձ թվում է՝ ոչ. ես կա´մ նրա հանցակիցն եմ, կա´մ ոչ: Երկրորդ դեպքում՝ ում հետ եմ ես հանդիպում, ում եմ մտերիմ համարում, ինչպես եմ իմ ժամանակն անցկացնում՝ դա իմ անձնական գործն է:

Ի դեպ, եթե մարդն իրեն «օրենքով գող» է հռչակում եւ իր ընկերների շրջապատում համապատասխան «ծես» է անցկացնում, դա դեռ չի նշանակում, որ նա իսկապես «օրենքով գող» է՝ այն իմաստով, որով այդ եզրն օգտագործվում է խորհրդային եւ ռուսական պրակտիկայում:

Ի՞նչ է նշանակում «քրեական ենթամշակույթ»՝ դաջվածքնե՞րը, «բլատնոյ» երգե՞րը: Բայց հիմա աշխարհում (նաև Հայաստանում) հազարավոր մարդիկ «տատու» են անում: «Քրեական ենթամշակույթին» պատկանում են միայն որոշակի՞ տեղերում արված և որոշակի՞ բովանդակության դաջվածքները: Այդ դեպքում օրենքով պետք է նախատեսել դաջվածքի թույլատրելի «թեմատիկան» եւ մարմնի համապատասխան մասերը:

Ինչ մնում է երգերին, ապա Հայաստանի տաքսիստների կեսը պետք է այդ դեպքում ազատազրկվի, որովհետեւ իրենց մեքենաներում միացնում են «Золотые купола», «Владимирский централ» եւ նման այլ երգեր: Ես կգերադասեի, որ նրանք Մոցարտ լսեին, բայց երգացանկի ընտրությունը նույնպես մարդկանց անձնական գործն է: Իհարկե, այս դեպքում ցանկալի կլինի տաքսիստը ուղեւորին հարցնի՝ արդյոք այդ երգերն ուղեւորի ճաշակով են, բայց դժվար թե այդ հարցը հնարավոր է «քրեականացնել»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում


 Պիտակներ
         «Առավոտ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz