ԱԺԲ-ն բողոք է ներկայացրել ԿԸՀ և Դատախազություն

Քաղաքական 10.06.2021   13:33   147

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ պարոն Տիգրան Մուկուչյանին

ՀՀ Գլխավոր դատախազ պարոն Արթուր Դավթյանին

Բ Ո Ղ Ո Ք

 

Հարգելի՛ պարոն Մուկուչյան
 
2021 թ. հունիսի 7-ին պաշտոնապես մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Քարոզարշավի երկրորդ օրը, հունիսի 8-ին, ԿԸՀ-ի կողմից ընտրություններին մասնակցելու գրանցված որոշ քաղաքական ուժեր աչքի են ընկել բռնության և զենք գործադրելու հրապարակային կոչերով, միմյանց սպառնալի վերջնագրեր ներկայացրել, քարոզել ոչ թե քաղաքական միտք, այլ՝ ատելության խոսք։ Հունիսի 9-ին քաղաքական ուժերից մեկի ներկայացուցիչը հրապարակել է նաև գաղտնիք պարունակող տեղեկություններ։ 

Այս ամենը կատարում են քաղաքական ուժերի առաջնորդները, այն է՝ վարչապետի հավանական թեկնածուները։ 

Ընտրական գործընթացի շահառուն ու իրավատերը ՀՀ քաղաքացին է։ Վերոնշյալ քաղաքական անթույլատրելի վարքագիծը հասցեագրված է ՀՀ քաղաքացուն։ Հրապարակայնորեն միմյանց հայհոյող ու սպառնացող քաղաքական «գործիչները» չեն թաքցնում իրենց առհամարանքն ու անհարգալից վերաբերմունքը ՀՀ քաղաքացու ու պետության նկատմամբ։ 

ՀՀ Սահմանադրության 194-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախ պետական մարմին է, որը կազմակերպում է Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հանրաքվեները, ինչպես նաև վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ»։

Օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնելը դա միայն քվեաթերթիկ տպելը կամ հանձնաժողովների կազմեր ձևավորելը չէ։ Դա միայն եթերաժամերը վիճակահանությամբ որոշելը կամ թեկնածուների ներկայացրած թղթերի ստուգելը չէ։

ԿԸՀ-ի իրական առաքելությունը շատ ավելի մեծ է, քան ընթացակարգային գործառույթներ իրականացնելը։

ԿԸՀ-ն պարտավոր է ՀՀ քաղաքացու համար ապահովել ոչ թե ձևական (ֆորմալ), այլ՝ բովանդակային ընտրություն բացառապես օրինականության չափանիշներով գործընթացին մասնակցող քաղաքական միավորների ու թեկնածուների մասնակցությամբ։

Սույն բողոքով պահանջում եմ հրավիրել ԿԸՀ-ի արտահերթ կամ հրատապ նիստ և քննարկել հունիսի 8-9-ին բռնության և զենք գործադրելու հրապարակային կոչերով հանդես եկած, ինչպես նաև սպառնալիքի ու ատելության խոսք տարածող և ԿԸՀ-ի կողմից ընտրություններին մասնակցելու գրանցված բոլոր քաղաքական ուժերի (թեկնածուների) գրանցումը անվավեր ճանաչելու հարցը։
 
«ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ» համահայկական կուսակցության 

Լիազոր ներկայացուցիչ՝ Արայիկ Պապիկյան
09.06.2021թ.

 


 Պիտակներ
         ԱԺԲ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz