ԱԱԾ նոր բացահայտումը

Իրադարձային 31.05.2021   12:34   56

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում կատարված համակողմանի և արդյունավետ քննության արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ Ա. Ն․-ն 2021 թվականի մարտին պաշտոնատար անձ հանդիսացող, նույն ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ, արդարադատության մայոր Ա. Հ․-ին խնդրել է որդուց ստանալ և իրեն փոխանցել կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով արգելված բջջային հեռախոսներ, վերջիններիս համար նախատեսված պարագաներ և ընդհանուր օգտագործման հեռախոսային ապարատի քարտ՝ խոստանալով ակնհայտ ապօրինի հիշյալ գործողության համար կաշառք տալ, որն ընդունվել է պաշտոնատար անձի կողմից:

Այնուհետև, Ա. Ն․-ն, պարտավոր լինելով դաստիարակելու իր անչափահաս երեխային՝ Վ.Ն-ին, պատասխանատվություն կրելով նրա դաստիարակության և զարգացման համար, օգտագործելով որպես ծնող՝ անչափահաս որդու մոտ ունեցած հեղինակությունը, ՔԿՀ-ից զանգահարել է  նրան՝ պատվիրելով հանդիպել Ա.Հ-ին և նրան տալ նշված արգելված առարկաներն ու կաշառքի գումարը՝ այդ կերպ անչափահաս որդուն ներգրավելով հանցագործության՝ կաշառքի միջնորդության կատարմանը:

Արդյունքում անչափահաս որդու միջնորդությամբ Ա.Ն․-ն 2021 թվականի մարտի 17-ին և 18-ին Ա. Հ․-ին է տվել կաշառքի գումարը, որի դիմաց վերջինս Վ. Ն․-ից ստացել և դատապարտյալ Ա.Ն-ին է փոխանցել մի շարք արգելված առարկաներ, որոնց մի մասը Ա.Հ․-ի մոտ հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից իրականացրած համատեղ միջոցառումների արդյունքում:

Բացի այդ, Ա. Հ․-ն, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, դատապարտյալ Ա.Ն-ի հետ ունեցած հարաբերությունները պահպանելու և ամրապնդելու շարժառիթով կատարել է ակնհայտ ապօրինի գործողություն և 2021 թվականի մարտի 15-ին «Արմավիր» ՔԿՀ է տեղափոխել ու վերջինիս հանձնել արգելված առարկաներ՝ երկու բջջային հեռախոս, Wi-Fi համացանցային կապի շարժական մոդեմ և հեռախոսի լիցքավորիչ՝ այդպիսով էական վնաս պատճառելով ծառայության հեղինակությանն ու օրինական շահերին:

2021 թվականի մայիսի 26-ին հիշատակված 3 անձանց մասով քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով։


 Պիտակներ
         ԱԱԾ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz